Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«…Կուռ մնացեք, ամուր ու հաստատուն մնացեք, ազգին մնացեք»

«…Կուռ մնացեք, ամուր ու հաստատուն մնացեք, ազգին մնացեք»
10.05.2017 | 10:07

Շատ ափսոս, որ Հայրիկի հետ մեր հանդիպումները, մեր երկխոսությունները սոսկ բառերով է հնարավոր ներկայացնել: Այլ կերպ ընթերցողը, այդ իմաստուն զրուցակցի խոսքին հետևելով, պիտի կարողանար վայելել նրա խելոք խոսքերի հնչերանգը, նրա ժպիտը, դիմախաղը, նրա երգելու պահին էլ հմայվեր ակնաղբյուրի մաքրության նրա կատարումով՝ մեղմ, քնարական, խորհելու տրամադրող, ներքին խռովքի բարձրաձայնումն էլ՝ երգի ոգուն ու տրամադրությանը հարազատ, նուրբ, բայց և հախուռն հնչերանգով:


Երիցս օրհնյալ է հոգու և ճյուղի ճամփաներին հայացք պահողը և սերունդների հայացքն էլ դեպի այդ ակունքները շրջողը: Մաքուր, ազնիվ կյանքով ապրեց Հայրիկ Մուրադյանը, ապրեց ճիշտ այն սկզբունքով, ինչ խրատում էր մեզ. «…Կուռ մնացեք, ամուր ու հաստատուն մնացեք, ազգին մնացեք»:


Այսպես խոսեց Հայրիկ Մուրադյանը.
«...Երբ երեխաների շուրթերից հնչում են ազգային երգերը, իմ հոգու վրա խաղաղություն է իջնում, որովհետև երգը շարունակում է ապրել, շարունակում է փոխանցվել սերունդներին: Ես օրհնում եմ բոլոր նորերին, որ երգում են, օրհնում եմ բոլոր նորածին խմբերը, իմ սերն ու ցանկությունն եմ փոխանցում նրանց: Կուռ մնացեք, ամուր ու հաստատուն մնացեք: Ես ուրախ ու երջանիկ եմ, որ բարձրանում է մեր ժողովրդի` սրտից սիրտ, շուրթից շուրթ անցած, գեղեցիկ մշակված երգարվեստը: Իմ խնդրանքն է բոլորին` հայ մնալ, հայ ապրել: Սիրելիներս, վատը կտեսնեք` լավ մնացեք, չարը կտեսնեք` բարի մնացեք, ծույլին կտեսնեք` աշխատասեր մնացեք, վախկոտին կտեսնեք` քաջարի մնացեք, ժանգը կտեսնեք` ոսկի մնացեք… ազգին մնացեք… Կրկնում եմ, հազար անգամ եմ կրկնում` ես ուրախ եմ, որ իմ երգերը երգվում են: ՈՒմ կողմից ուզում է երգվեն, միայն թե երգվեն, տարածվեն: Ես գնացող եմ, երգը մնացող է…
…Մեր հին սովորույթը, որ կար հայկական դպրոցում՝ երգեցողության դասավանդումը ազգային ոգով, պետք է վերականգնել, և դպրոցում մեր հին երգերը պետք է հնչեն ծրագրի, դասագրքի, այսպես ասած, իրավունքներով: Ես դա կարևորում եմ ոչ միայն նրա համար, որ երգերը դաստիարակչության հզոր միջոց են, ինչպես պատմությունը, արվեստը, լեզուն, այլ նաև, որ այդօրինակ երգերն անհրաժեշտ են սերնդին ազգային ոգով դաստիարակելու համար: Այդ երգերում արտահայտված են աշխատասիրություն, անձնազոհություն, նվիրվածություն ազգին: Երգի միջոցով առավել դյուրին է այդ ամենը փոխանցել մատաղ սերնդին: Այս առումով իմ առաջին ցանկությունն է, որ մենք հնչեցնենք հատկապես հին երգերը, որոնց մեջ առավել ցայտուն են երևում մեր ազգային երգաոճը, մեր երաժշտության արմատները: Այն արմատները, որ մեզ կապում են մեր բուն երգարվեստի հետ: Դրանք նաև հարուստ, հրաշալի նյութ կարող են դառնալ մեր երաժիշտների համար…


…Մենք ունեինք, օրինակ, Վանի դպրոցի հիանալի օրինակը: Մեր ուսուցիչ պարոն Սենեքերիմի ուսուցանած երգերով կարելի էր սովորել հայ ազատագրական շարժումների ամբողջ պատմությունը, հայ ժողովրդի անցած ողջ ուղին: Այսպիսի օրինակներ շատ կան հայոց հին դպրոցներում, և հարկ է, որ լավագույն փորձերը վերցնենք…
…Կոմիտասը հսկայական հարուստ ավանդույթ է թողել, հսկայական քանակությամբ երգեր: Ապա հիշենք մեր Մոկաց աշխարհը, մեր Մուշը, մեր Սասունն ու Վասպուրականը... երգող գավառներ են. պետք է այդ ակունքներից երգեր վերցնել, վերցնել հնից եկածը, ճիշտը, սրտին մոտն ու հոգեհարազատը…


…Հին ֆիդայական երգերը միայն և միայն հպարտություն են առաջացնում, խոր վերաբերմունք են սերմանում առ հայրենիքը, հերոսական գործերն ու հերոսները…»:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ